Որքան է 00 oo 000 համարանիշի մեկնարկային գինը և քանի մարդ է դիմել դրա համար․ մանրամասներ |МедиаМесс

Հասարակություն 26 փետրվարի 2024, 14:24
Main Image

Ես չգիտեմ՝ ինչու են նման լուրեր տարածվում, որովհետեւ կա ստանդարտ կարգ, որը հանրայնացված է, որտեղ հստակ գրված է, թե աճուրդն ինչպիսի ընթացակարգով է իրականացվում:  Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով լուրերին, թե 00 oo 000 հաշվառման համարանիշը վաճառվել է 300 000 դոլարով: Այս մասին հաղորդում է News.am–ը։

«Փետրվարի 23-ին հայտարարվել է աճուրդը, ընդ որում, մի քանի կոմբինացիաների համար, քանի որ միայն 00 oo 000-ի համար չի հայտարարվել: Աճուրդը տեւում է 3 աշխատանքային օր, հետեւապես, մինչեւ փետրվարի 28-ը աճուրդի իրականացման պրոցեսում ենք գտնվելու: Երբ աճուրդն ավարտվի, կիրազեկենք քաղաքացիներին: Այս պահի դրությամբ որեւէ վաճառք չի եղել տրամաբանորեն»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է նրան, որ տվյալ  00 oo 000 համարանիշի համար դիմել է 98 մարդ, նա հայտնել է. «Երբ մենք ասում էինք 98 կամ ավելի բարձր թիվ, դա վերաբերում էր քվեարկություններին:  Պրոցեսը հետեւյալն է, սկզբում մեր քաղաքացիները քվեարկում են, թե որ համարները պետք է դրվեն հերթական աճուրդին, եւ հետագայում քվեարկությունների հիման վրա որոշվում է աճուրդի օրն ու աճուրդի ենթակա համարանիշների ցանկը: Պարտադիր չէ, որ մարդը քվեարկի ու մասնակցի աճուրդին, եւ հակառակը՝ կարող է անձը չքվեարկել, բայց հետո մասնակցել աճուրդին՝ վճարելով նախավճար: Այս պահի դրությամբ կոռեկտ չեմ համարում տվյալներ հրապարակել աճուրդի մասին: Այն մարդկային գործոնից զերծ աճուրդ է՝ էլեկտրոնային համակարգի շրջանակներում: Ավարտից հետո կասենք, թե որ համարանիշներն են, որ զբաղեցված են:

Մեկնարկային գինը 20 մլն դրամ է: Մեկնարկային գները հաստատվել են ՆԳ նախարարի հրամանով, համարանիշների չափորոշիչները հաստատված են կառավարության որոշմամբ: 20 մլն դրամը վերաբերում է բացառապես այդ համարանիշին: Մնացածի դեպքում այլ գնային սանդղակ է առկա: Գները հասանելի են աճուրդի կայքում եւ arlis.am-ում»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։