«Տարածաշրջանից դրական ազդակներ են գալիս»․ Էրդողան |МедиаМесс
Քաղաքականություն 13 հուլիսի 2024, 00:09Թուրքիան կշարունակի ակտիվ քաղաքականություն վարել տարածաշրջանային և գլոբալ խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Նյու Յորքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում գտնվող լրագրողների հետ զրույցում։
Նա հանգամանորեն խոսել է օրակարգային ընթացիկ հարցերի և Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում բանակցությունների մանրամասների մասին։
Ըստ Անադոլուի՝ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին։ Մեկնաբանելով «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ նա նշել է, որ միջանցքը ռազմավարական նշանակություն ունի, որը կբավարարի բոլոր կողմերի՝ հատկապես Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի շահերը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Էրդողանը չի բացառել Հայաստանի հետ սահմանի բացումը։
«Ինչո՞ւ չդիտարկենք [սահմանի բացման] հարցը։ Նախկինում մենք արդեն ամեն ինչ ասել ենք [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանին այս մասին։ Այժմ ամեն ինչ պետք է անենք խաղաղության համար։ Հուսով ենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կհաստատվի։ Զանգեզուրի միջանցքի բացումը այս համաձայնագրի վերջնական քայլն է, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Մենք ցանկանում ենք, որ այս ճանապարհին դրական որոշումներ կայացվեն առանց հապաղելու: Այժմ տարածաշրջանից դրական ազդանշաններ են գալիս, և մենք հուսով ենք, որ դրանք ի վերջո լավ նորություններ կբերեն»,- ասել է Էրդողանը։
Նա, պատասխանելով համապատասխան հարցին, նշել է, որ Զանգեզուրի միջանցքի հարցն Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ չի քննարկել։