Հայտնի է՝ երբ կկայանա Սնուպ Դոգի համերգը․ Panorama.am |МедиаМесс

Ժամանց 19 մարտի 2024, 17:11
Main Image

Հայտնի ռեփփեր Սնուպ Դոգի՝ 2023-ի սեպտեմբերին Երևանում նախատեսված համերգը կկայանա 2024-ին։ Այս մասին ի պատասխան Panorama.am-ի գրավոր հարցման, հայտնեցին  ԿԳՄՍ նախարարությունից։

«ՀՀ կառավարության 15.02.2024թ. N218-Ն որոշման հիման վրա փետրվարի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դոպինգ Սփեյս» սահմանփակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվել է N1 համաձայնագիր՝ Սնուպ Դոգի համերգը տեղափոխելու վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի, համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում։ Կատարող կազմակերպությունը ներկայում բանակցում է միջոցառման հստակ ժամկետների վերաբերյալ»,- ասացին նախարարությունից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Երևանի Հրազդան մարզադաշտում նախատեսված  համերգի համար պետբյուջեից վճարվել է 2.318.596.800 դրամ գումար։ Նախարարությունից հետաքրքրվեցինք՝ այդ գումարից ինչքա՞ն է վերադարձվել պետբյուջե համերգի փաստացի չկայանալու հետևանքով։ Եթե գումարի վերադարձ չի եղել, ապա ինչո՞ւ։

«ՀՀ պետբյուջե գումարը հետ չի վերադարձվել, քանի որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դոպինգ Սփեյս» ընկերության  միջև փետրվարի 19-ին կնքված N1 համաձայնագրի համաձայն, միջոցառումը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել»,-պատասխանեցին նախարարությունից։