Պոտենցիալ երթուղին կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով․ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ |МедиаМесс

Հայաստան Քաղաքականություն 27 հունիսի 2024, 13:57
Main Image

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի գծով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի լսումներում, անդրադարձել է Բաքու կատարելիք այցին։ Հարցին, թե ինչ ուղերձ է փոխանցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ ճշտելու է, թե ինչ հետեւանքներ կլինեն որեւէ սպառնալիքի կամ ապագա ագրեսիայի դեպքում Հայաստանի դեմ, Ջեյմս Օ՛Բրայենը հայտնել է, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ «Մենք հստակ հասկացրել ենք նախագահ Ալիեւին, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։

Սա միայն Ադրբեջանի խնդիրը չէ, որը հարգանքի հույս ունի որպես համաշխարհային առաջնորդի, քանի որ անցկացնելու է COP29-ը, այլեւ ողջ տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի։ Այդ բոլոր երկրները միայն Չինաստանով կամ Ռուսաստանով են արտահանում։ Ելք ունենալու համար նրանք պետք է գործեն Ադրբեջանով։ Մի երթուղին անցնում է Վրաստանով եւ Սեւ ծովով, մյուսը, որը պոտենցիալ առումով ավելի մեծ է, կանցնի Ադրբեջանով, Հայաստանով եւ Թուրքիայով, եւ հենց այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որպեսզի վերջ դրվի պատերազմին եւ ահավոր հակամարտությանը, որը գոյություն ուներ 90-ական թվականներից։ Մեր ուղերձն այն է, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»,- հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Նա նաեւ նշել է, որ կխոսի Իլհամ Ալիեւի հետ մարդու իրավունքների հարգման կարեւորության մասին։ «Դա խոսակցության մշտական թեմա է, ներառյալ այն, որ պետքարտուղար Բլինքենը խոսել է նրա հետ վերջին օրերին, եւ ես անհամբերությամբ սպասում եմ այդ խոսակցության շարունակմանը»,- ասել է Օ՛Բրայենը։