Բաքուն կարևոր դեր է խաղում էներգիա մատակարարելու գործում․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |МедиаМесс
Աշխարհ 18 մարտի 2024, 00:25Բաքուն ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում Եվրոպայում ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցներին էներգիա մատակարարելու գործում, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։
«Ողջունում եմ ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցների հետ ավելի սերտ կապեր հաստատելու Ադրբեջանի գործողությունները և այն փաստը, որ ձեր երկիրը ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում Եվրոպայում ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցներին գազ և ապագայում էլեկտրաէներգիա մատակարարելու գործում: Ադրբեջանը կարևոր դեր է խաղում մեր հասարակությունների կենսապահովման գործում»,- նշել է գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը նաև նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը «չափազանց կարևոր է տարածաշրջանի մարդկանց և երկրների համար, բայց այն նաև կարևոր է սևծովյան տարածաշրջանի և հյուսիսատլանտյան անվտանգության համար»:
«Ուստի, խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ոչ միայն այստեղ, այլև անվտանգության համար ավելի լայն համատեքստում։ Հայաստանն ու Ադրբեջանը երկար տարիների հակամարտությունից հետո հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով, Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։