Ռուսաստանի դեսպանը շուտով կվերադառնա Հայաստան․ ինչ է որոշել ՌԴ ԱԳՆ–ն |МедиаМесс
Հայաստան 06 հունիսի 2024, 19:44Խորհրդակցությունների համար Մոսկվա կանչված Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շուտով կվերադառնա Հայաստան և կանցնի իր պարտականություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Դեսպանին խորհրդակցության կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակներում է խորհրդակցության կանչվել Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը։ Մենք անցկացրել ենք այս խորհրդակցությունները։ Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել, որ նա կվերադառնա Երևան և կվերսկսի իր պարտականությունները»,-ասել է Գալուզինը։
Պատասխանելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մակարդակի իջեցման մասին հարցին՝ ՌԴ փոխարտգործնախարարն ասել է, որ դրա մասին խոսք չկա․ «Դեսպանը կանչվել է խորհրդակցության, նա հետ չի կանչվել։ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,-հավելել է ռուս պաշտոնյան։
Գալուզինի խոսքով՝ «կան հակասություններ, բայց դա չի նշանակում, որ մենք իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»։