ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին |МедиаМесс

Աշխարհ 26 ապրիլի 2024, 12:17
Main Image

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ կապված «Թուրքական ավիաուղիների»՝ Թուրքիայով լատինամերիկյան երկրներ թռիչքներից ռուսաստանցիներին հաճախակի մերժելու հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ թուրքական կողմն ուսումնասիրում է նոտան: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը հետևում է ռուս զբոսաշրջիկների հետ կապված իրավիճակին: Այս հարցի վերաբերյալ դեսպանատան կողմից Թուրքիայի ԱԳՆ-ին ուղարկված նոտան, ինչպես հաստատեց թուրքական կողմը, մանրակրկիտ ուսումնասիրվում է»,- ասել է նա։

Ինչպես նշել է դիվանագետը, Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկության համաձայն, մերժման դեպքերն առաջին հերթին կապված են Լատինական Ամերիկայի երկրների կողմից իրենց տարածք մուտք գործելու կանոնների հետ։ Այդ առումով ավիափոխադրողը թռիչքներ կազմակերպելիս «առաջնորդվում է ԻԿԱՕ-ի և նպատակակետ երկրի կանոններով»:

Լատինական Ամերիկայի երկրներ մուտք գործելու համար ուղևորը պետք է ունենա հետադարձ տոմս, հյուրանոցի ամրագրումը հաստատող ապացույց, անհամապատասխանություն չպետք է լինի ավիաչվերթների և հյուրանոցների ամրագրման ամսաթվերի միջև, Լատինական Ամերիկայի երկրների ներսում տարանցիկ թռիչքներ պետք է իրականացվեն ոչ ավելի, քան 24 ժամվա ընթացքում, ուղևորը ձեռքի պայուսակից բացի պետք է ունենա նաև ուղեբեռ:

Տուժած ուղևորներից շատերը մտադիր են դատի տալ ավիաընկերությանը։