Բլինքենն ԱՄՆ-ի աջակցությունն է խոստացել |МедиаМесс

Աշխարհ 11 ապրիլի 2024, 12:57
Main Image

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ խոսակցության ժամանակ հայտարարել է Իրանի կողմից ցանկացած սպառնալիքին դիմակայելու հարցում Վաշինգտոնի աջակցության մասին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդում է Պետդեպարտամենտը։

«Պետքարտուղար Բլինքենը հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելի անվտանգությանը և հասկանալ է տվել, որ Միացյալ Նահանգները կաջակցի Իսրայելին՝ դիմակայելու Իրանի և նրա հովանավորյալների կողմից ցանկացած սպառնալիքի», - ասվում է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բլինքենն ու Գալանտը քննարկել են «բոլոր պատանդների ազատ արձակումն ապահովելու ջանքերը՝ հիմնված Գազայում անհապաղ հրադադարի շուրջ համաձայնագրի վրա»։

Պետդեպարտամենտի ղեկավարը նաև ողջունել է Գազա մարդասիրական օգնության առաքումը հեշտացնելու նպատակով հրատապ միջոցառումների վերաբերյալ Իսրայելի հայտարարությունները:

«Պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Իսրայելն արագորեն կկատարի իր պարտավորությունները հումանիտար օգնության և հակամարտությունների կարգավորման ոլորտներում», - հայտնել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում: