ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի մեր տարածաշրջանի համար. վարչապետ |МедиаМесс
Հայաստան 10 ապրիլի 2024, 16:00Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, եթե կարելի է այդպես ասել, մենք սպասման մեջ ենք, և սպասում ենք ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը, այն է՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացում: Այս մասին հաղորդում է «Լուրերը»։
Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ընթացքում:
«Իսկ ընդհանրապես Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի մեր տարածաշրջանի համար»,- ասաց նա՝ հավելելով՝ պետք է շարունակենք ջանքերը նաև այդ ուղղությամբ:
Վարչապետը ընդգծեց՝ ինքը խոսում է Հայաստան-Թուրքիա, այլ ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Այս երկու ձևակերպումները, ըստ նրա, ունեն ընդհանրություններ, այդուհանդերձ, դրանք նույնը չեն՝ կա մի նրբություն կամ առանձնահատկություն, որ մենք հաճախ չենք նկատում:
Ամփոփելով տարածաշրջանային թեման՝ վարչապետը ցավով նշեց, որ որոշ արտաքին դերակատարներ սեփական քաղաքական կամ ռազմաքաղաքական նպատակներից ելնելով փորձում են խեղաթյուրել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը՝ ասպարեզ բերելով տարածաշրջանում բաժանարար գծեր ստեղծելու կեղծ խոսույթը: