Տավուշի մարզում զինծառայողների և քաղաքացիների միջև ծեծկռտուք է սկսվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ |МедиаМесс
Հասարակություն 01 սեպտեմբերի 2024, 20:30Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժին են զանգահարել «Բերդ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ վիճաբանության հետևանքով «կրծքավանդակի աջ կեսի հետին պատի և աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքեր աջակողմյան հեմաթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Վիգեն Բ․-ն է։
Տավուշի մարզի ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում՝ Այգեձոր բնակավայրի գյուղամիջյան հատվածում մի խումբ անձանց միջև խուլիգանական դրդումներով առաջացած վիճաբանության ժամանակ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի զինծառայողներ Վիգեն Բ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Սուրեն Ճ․-ն և ինքնությունը չպարզված անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Պարզվել է նաև, որ նույն ծեծկռտուքի ընթացքում ինքնությունը չպարզված անձը դանակով հարվածել է Վիգեն Բ․-ին, իսկ վերջինիս ընկերը՝ նույն զորամասի զինծառայող Սուրեն Ճ․-ն, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Վիգեն Բ․-ին դանակահարող անձին։
Օգոստոսի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով Տավուշի բաժնի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ոստիկանության Տավուշի բաժին է ներկայացել Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արթուր Հ․-ն և հայտնել, որ օգոստոսի 28-ին ժամը 19։00-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում, նկատել է, որ բնակավայրում մի խումբ բնակիչների և իր ծանոթ, բեռնատար մեքենայի վարորդ Նորոյի միջև ծեծկռտուք է, որին ինքը անմիջապես միջամտել է և պաշտպանելով Նորոյին՝ ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն անծանոթ մի քանի գյուղացիների, սակայն զգալով որ կռվի մասնակից գյուղացիները իրենցից շատ են և չի կարողանում պաշտպանվել, տաբատի աջ գրպանից հանել է կենցաղային օգտագործման դանակը և դրանով 2 անգամ հարվածել է իրեն անծանոթ՝ կռվի մասնակիցներից մեկին։
Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։