Շատ դեպքերում երեխաները չեն ուզում գնալ դպրոց, քանի որ այն դարձել է հագուկապը և հեռախոսը ցուցադրելու վայր. հոգեբան |МедиаМесс

Հասարակություն 27 օգոստոսի 2024, 20:59
Main Image

Արձակուրդից վերադառնալը դժվար է ինչպես մեծահասակների, այնպես էլ դպրոցահասակ երեխաների համար, որոնց դեպքում, ի տարբերություն մեծերի, կարող են լինել նաև նպաստող այլ հանգամանքներ, ինչպես, օրինակ, թիրախավորումը, ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը համադասարանցիների կողմից, սոցիալական ֆակտորը և այլն:

Թվում է, թե 2-3 ամիս արձակուրդից ու երկար բացակայությունից հետո երեխաները սրտի թրթիռով ու սիրով պետք է շտապեն դպրոց, ուսումնարան կամ համալսարան, սակայն կան խանգարող մի շարք հոգեբանական և այլ հանգամանքներ, որոնց մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ:

Մասնագետը փաստում է՝ հոգեբանական թերապիայի դիմող աշակերտների ծնողների և ուսանողների թիվը գնալով աճում է, ինչը խոսում է այն մասին, որ հասարակության մեջ կան ագրեսիվ դրսևորումներ:

«Արձակուրդից վերադառնալը բարդ կարող է լինել մի շարք պատճառներով, առաջինը կոնֆլիկտներն ու, այսպես ասած, բուլլինգն է: Դա է պատճառը, որ շատ հաճախ երեխաները ծնողներին հենց արձակուրդի ժամանակ ասում են, որ նոր ուսումնական տարում չեն ուզում գնալ հին դպրոց, կամ ուսումնարան, քոլեջ, ցանկանում են այն փոխել, որովհետև չեն ուզում լինել նույն միջավայրում: Ավագ դպրոցում դա այլ կերպ է դրսևորվում, երբ տարբեր դպրոցներից երեխաները հավաքվում են մեկ վայրում, «խմբավորումներ» են ստեղծում և այդ խմբեր նոր մարդկանց չեն ընդգրկում, ստեղծվում է կոնֆլիկտային իրավիճակ: Եվ եթե առաջներում միայն տղաներն էին ագրեսիվ, ապա հիմա նմանօրինակ խմբեր շատ հաճախ լինում են աղջիկների շրջանում, որը ակտուալ է համալսարաններում, հատկապես՝ 1-ին և 2-րդ կուրսերում: Հաճախորդուհի ունեմ, որը գեղեցիկ աղջիկ է, ընդունվել է համալսարան, և տղաները սկսել են նրան այլ ուշադրության արժանացնել, ինչի հետևանքով ինքը արհամարհանքի է արժանացել խմբի բոլոր աղջիկների շրջանում»,- ասում է հոգեբանը:

Իրինա Ծատրյանի խոսքով՝ երկրորդ և ոչ պակաս կարևոր գործոնը, որը բացասաբար է ազդում երեխաների՝ ուսումնական հաստատություններ վերադառնալու մոտիվացիայի վրա, այն է, որ դպրոցը դարձել է ինքնահաստատման վայր:

«Շատ դասարաններում, մանավանդ, այսպես կոչված, «պրիստիժնի» դպրոցներում, հայտնվում է մի երեխա, ում հայրը մեծահարուստ է, դպրոցին որոշակիորեն օգնում է, և ուսուցիչները նրան սկսում են այլ աչքով նայել, ինքն էլ ինչ ուզում, անում է, ու դրա պատճառով շատ երեխաներ տուժում են: Կամ լավ հեռախոս ունի, իսկ մյուսը՝ ոչ, և այստեղ որքան էլ լավ հագուկապով դասընկերը համեստ ու զուսպ լինի, միևնույն է, նրա կողքի չունևոր երեխան ճնշվելու է՝ հասկանալով, որ այն «բրենդային» հագուստն ու կոշիկները, կամ հեռախոսը, որ վերջինս ունի, իրեն հասու չեն: Նման երեխանները ավելի դժվար են վերադառնում դպրոց, երբեմն ծնողներին ասում են՝ ավելի լավ է՝ ես մնամ տանը, քեզ օգնեմ, որովհետև ծնողից անընդհատ լսել են՝ «վա՜յ, բալա ջան, ես սա պետք է առնեմ, նա պետք է առնեմ, չեմ կարող, չեմ հասցնում», կամ երբ երեխան պարբերաբար լսում է՝ «փող չկա» արտահայտությունը, գերադասում է մնալ տանը, օգնել ծնողներին, աշխատել, վաստակել, ինչի հաշվին կրթությունը տուժում է»,- նկատում է նա:

Ըստ հոգեբանի՝ տարիներ առաջ, երբ դեռ ինքն է եղել աշակերտ, ու կրկին քիչ չէին խնդիրները դպրոցներում, դրանցում սովորաբար դպրոցը մեղադրում էր ծնողներին, ծնողները՝ դպրոցին: Ծատրյանի խոսքով՝ թե՛ դպրոցի, թե՛ ծնողների դերը շատ մեծ է, և միայն միմյանց հետ համագործակցելով կարող են հնարավորինս անվտանգ միջավայր ապահովել բոլոր երեխաների համար:

«Ուսուցիչները պետք է փորձեն ուշադիր լինել ու կանխել կոնֆլիկտները, անհամաձայնությունները, սակայն դպրոցներ կան, որ մի դասարանում 45 երեխա է սովորում, և ուսուցիչները ինչ-որ իմաստով չեն էլ հասցնում բոլորին հետևել: Մեր ժամանակ, ով վատ էր սովորում, նույն դասարանում էին թողնում, հիմա ինձ համար մի քիչ անհասկանալի հումանիզմ է, որովհետև Շեքսպիրը «Ռիչարդ» 3-ում ասում է՝ «Որպեսզի բարի լինեմ, ես պետք է դաժանություն ունենամ»: Մենք պետք է խստություն ունենաք, նորզելանդացիներն ասում են՝ «եթե մտրակն ափսոսաս, երեխա կկորցնես»: Ես չեմ ասում ծեծենք, բայց խստությունը մանկավարժության մեջ մնում է արդի, ուղղակի դա էլ գրագետ ձևով պիտի անես: Անգամ, երբ ուզում ես նկատողություն անել, պետք է սկսես գովեստից, որպեսզի նաև ինքնագնահատականի վրա բացասաբար չազդես, և երեխան անընդհատ ուզենա զարգանալ և իր ներուժը կարողանա իրացնել»,- մանրամասնում է Ծատրյանը:

Մյուս կողմից, ըստ հոգեբանի, ամենակարևոր մոտիվացիան և գիտակցումը, որով երեխային պետք է ոգևորեն ծնողները դպրոց ճանապարհելիս, պետք է լինի այն, որ նա գնում է դպրոց գիտելիք ստանալու և վերջ:

«Առանց կրթության դու չես կարող քո ուզած մասնագիտությունն ունենալ, քո ուզած ուղով գնալ, մոտիվացիան պետք է լինի կրթությունը, ոչ թե հագուկապը, մրցակցությունը, հեռախոսը, կամ կամ այլ բաները: Նաև ծնողը պետք է իր բալիկին ոչ մեկի հետ չհամեմատի, երբ ծնողն ու երեխան լավ ընկերներ են, այդ ընտանիքներում սովորաբար լավ երեխաներ են մեծանում»,- ասում է Ծատրյանը: