Եկեղեցուն ես պարտական, որ գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով. Միքայել Աջապահյան. Oragir.News |МедиаМесс

Քաղաքականություն 01 հուլիսի 2024, 22:34
Main Image

«Ինքն ի՞նչ գործ ունի հավատացյալ մարդկանց հետ, աթեիստները փոքրամասնություն են այս երկրում, ուրեմն թող ինքն իրեն պահի իբրև փոքրամասնություն, մեծամասնության դեմ չփորձի ելնել»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ «Ինչքան թույլ է եկեղեցին, այնքան ուժեղ է պետությունը»։

«Ես այդ մարդու ո՛չ արածները, ո՛չ ասածները չեմ ուզում մենկաբանել, որովհետև ինքն ինձ համար գոյություն չունի։ Մի մարդ, որը տգետ է, կարող է աթեիստ լինել, բայց գնահատել եկեղեցու դերը։ Բայց եթե այնքան տգետ է ու նաև աթեսիտ է, որ չի գնահատում եկեղեցու դերը, նա ոչնչություն է, պարզապես զրո։ Զրոյի ասածներն ի՞նչ մեկնաբանել»,- ասաց Աջապահյանը։

Դիտարկմանը, որ ՔՊ-ական պատգամավորը նշում է, թե բոլոր պետություններում է այդպես՝ ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, Շիրակի թեմի առաջնորդն այսպես արձագանքեց։

«Ինքը հիմար է, ինչպես միշտ։ Ինքը հիմար է եղել դրանից առաջ, ինքը հիմար կմնա դրանից հետո։ Այդպիսի բան գոյություն չունի ոչ մի երկրում, մանավանդ՝ հայ իրականության մեջ նման բան հնարավոր չէ։ Նման բան հնարավոր կարող է լինել այն հասարակություներում, որոնք մնայուն կերպով պետություն են եղել, իսկ դու մնայուն կերպով պետություն չես եղել, դու ավելի չես եղել, քան եղել ես։ Ինչի՞ մասին է խոսքը։

Այն, որ դու գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով, եկեղեցուն ես պարտական։ Արսեն անուն չէիր ունենա, եթե եկեղեցին չլիներ, որովհետև Արսենը հոգևոր անուն է։ Իսկ գոնե գիտի՞, թե Թորոս ինչ է նշանակում։ Թորոսը Թեոդորսի կրճատ ձևն է, իրեն հարցրեք՝ տղա ջան, գոնե քո անվան և ազգանվան ստուգաբանությունը գիտե՞ս։ Արսեն անունը քեզ տվել է եկեղեցին, եկեղեցու շնորհիվ է, որ ունես Թորոսյան ազգանուն։ Պետությա՞ն շնորհիվ է, որ դու Արսեն Թորոսյան ես, թե՞ եկեղեցու շնորհիվ է։

Հայ ժողովուրդը հայ եկեղեցուն է պարտական, որ ինքը գոյություն ունի, և գոյություն ունի իբրև պետություն, ուրիշ որևէ ուժի պարտական չէ։ Մարդ ինչքան կարող է հիմար լինել, որ հայ եկեղեցու դեմ դուրս գա։ Հայ եկեղեցու շնորհիվ ունենա պետականություն, հայ եկեղեցու շնորհիվ ունենա ինքնություն, հայ եկեղեցու շնորհիվ ունենա մշակույթ, և դրանով հանդերձ գործի հայ եկեղեցու դե՞մ։ Ինչքա՞ն անասուն պետք է լինել. Այդքան բան։ Այդ մարդը բոլոր տարիներին բացահայտ իրեն ներկայացրել է որպես տխմար, տխմարի ասածի հետ ես ի՞նչ գործ ունեմ»,- եզրափակեց Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։