Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է. երրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել |МедиаМесс
Քաղաքականություն 30 հունիսի 2024, 11:41Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է. լրանում է նախագահի 70-ամյակը, հայտնում են նախագահի գրասենյակից։
«Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ ենք հղում Ձեզ հոբելյանի առթիվ, մեծարգո՛ պարոն նախագահ:
Որքան էլ այսօր, միանգամայն հասկանալի պատճառներով, բացարձակապես տոնական տրամադրություն չունեք և օրվան էլ վերաբերվում եք ինչպես սովորական մի օրվա, բայց հատկապես ծննդյան հոբելյանը ցանկացած մարդու համար կյանքի մի հանգրվան է, երբ կամա թե ակամա հետադարձ հայացք է նետում իր ապրած տարիներին, մտովի վերստին ապրում ամեն օրը, վերաիմաստավորում, խորհում արվածի ու չարվածի մասին:
Իսկ Ձեր խոհերում, վստահաբար, Ձեր և Ձեր ընկերների պայքարի դրվագներն են՝ հանուն հայրենի Արցախի և Հայաստանի: Մի առիթով ասել եք, թե այդ տարիները ձեր կյանքի ամենածանր, ամենապատասխանատու, բայց և ամենապատվաբեր տարիներից էին:
Վստահաբար, մտովի Երևանի և Բաքվի բանտերում պահվող քաղբանտարկյալ և ռազմագերի Ձեր ընկերների ու նույն կարգավիճակում գտնվող մեր բազմաթիվ հայրենակիցների հետ եք:
Հավանաբար, վերհիշում եք նաև Ձեր տքնաջան աշխատանքի արդյունքում հայկական երկու հանրապետությունների ձեռքբերումներն ու ազգուրացների կողմից այսօր մսխված, տրորված մեր ազգային արժեքները և ցավալի կորուստները:
Եվ այս ամենից հետո Դուք անհոգնել շարունակում եք պայքարը՝ հայտարարելով, որ Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ եթե դեռ հասկացված չես, և որ երբեք չեք լքի հայկական պետականությունը պաշտպանող խրամատը:
Թող Աստված Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, ուժ ու կորով պարգևի Ձեր համախոհների և աջակիցների հետ այդ առաքելությունը հաջողությամբ ավարտին հասցնելու ճանապարհին»: