Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է․ ՀԺ |МедиаМесс

Հայաստան 17 մայիսի 2024, 22:16
Main Image

Մայիսին անձրևային առատ տեղումներն այս տարի հանրապետությունում նորմայից շատ են։ Հայաստանը կլիմայական փոփոխություններից ևս անմասն չի մնացել։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա՝ տեղումների առատության ազդեցությունը տարբեր կարող է արտահայտվել։

«Լավ է, որ տեղումնառատ է, ինչը դրական է ազդում և ազդելու ջրային ռեսուրսների բարձրացմանը, գյուղատնտեսական առումով ևս դրական է։ Ինչ վերաբերում է, որ աշխարհում օդի ջերմաստիճանի բարձրացման առումով երկրորդն ենք, դա տարեկան միջին կտրվածքն է, և դրական չի կարող լինել, որովհետև, երբ ասում ենք՝ ջերմաստիճանի բարձրացում, և ունենում տաք ձմեռներ, շոգ ամառներ, անոմալ է դիտվում»,- նկատում է նա։

Օդի ջերմաստիճանի բարձրացումը բացասական է անդրադառնում և՛ գոլորշիացման մեծացման վրա, և՛ ձմռան ընթացքում տեղումների քանակի կրճատման առումով, այսինքն՝ լեռնային շրջաններում հիմնականում անձրևի տեսքով տեղումներ են լինում՝ ազդելով ջրային ռեսուրսների վրա, ասում է Սուրենյանը: Ըստ նրա՝ բացասական է նաև անձրևներին զուգահեռ կարկտահարությունը: Վերջինս, սակայն, միաժամանակ նշում է, որ կենտրոնը կարկտահարության վնասների մոնիթորինգ չի իրականացնում։

Մասնագետը հայտնում է, որ եղանակային նման փոփոխությունները պայմանավորված են ամբողջ աշխարհում առկա կլիմայական փոփոխությամբ, մթնոլորտի շրջանառությամբ:

«Այդ փոփոխություններից վնասները կամ օգուտները հնարավոր չէ միանշանակ նշել։ Վնաս է, որ ամռանը ունենում ենք տաք օդի ալիքների ներթափանցման դեպքեր, հաճելի երևույթ չէ, որովհետև ամառային ամիսներին բարձր ջերմային ֆոնով օրերի կրկնելիությունն է մեծանում, կամ սակավաթիվ տեղումներով օրեր ենք ունենում։ Ձմեռը լինում է սակավաձյուն, կամ տաք ձմեռներ ենք ունենում, որը բացասաբար է ազդում գյուղատնտեսության վրա»,- ասում է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում