Ֆրանսիայում հայտնել են Ադրբեջանի հետ Նոր Կալեդոնիայի խռովարարների կապի մասին |МедиаМесс
Աշխարհ 16 մայիսի 2024, 14:23Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ Նոր Կալեդոնիայում անկախության համար հանդես եկող ուժերի մի մասը, որոնք մասնակցում են անկարգություններին, կապեր ունեն Ադրբեջանի հետ։ Ինչպես տեղեկացրել է AFP-ն, այդ մասին Դարմանենը հայտնել է France 2-ի եթերում։
Նախարարին հարցրել են, թե արդյոք որեւէ դեր Նոր Կալեդոնիայի իրադարձություններում խաղում են այնպիսի երկրներ, ինչպիսին են Ռուսաստանը, Չինաստանը եւ Ադրբեջանը։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, դա մի ինչ-որ հորինված բան չէ, դա իրականություն է... Ափսոսում եմ, որ Կալեդոնիայի անկախամետ ուժերի մի մասը համաձայնություն ունի Ադրբեջանի հետ»,- ասել է Դարմանենը՝ նշելով, որ դրանում «կասկած չկա»։
Նա ավելացրել է, որ չնայած միջամտության փորձերին, ոչ մի երկիր ուղիղ ազդեցություն չունի Նոր Կալեդոնիայի իրադարձությունների վրա, եւ Ֆրանսիան «պահպանում է ինքնիշխանությունն» իր տարածքում։