Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն. Փաշինյան |МедиаМесс
Հայաստան 16 մայիսի 2024, 11:44Երեկ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովները, ի կատարումն ապրիլի 10-ին ընդունված համատեղ նիստի արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի՝ Բաղանիս Այրում, Հայաստանի՝ Ոսկեպար, Ադրբեջանի՝ Աշաղը Ասկիպարա, Հայաստանի՝ Կիրանց, Ադրբեջանի՝ Խեյրումլի, Հայաստանի՝ Բերքաբեր, Ադրբեջանի՝ Կըզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները և ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 16-ի նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն: Ինչո՞ւ եմ համարում մեծ հաջողություն: Երկու պատճառով. առաջինը` մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շարք կարևոր անկյունաքար, երկրորդ` մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,- ասաց նա: