Արարատ Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին |МедиаМесс

Հայաստան 13 մայիսի 2024, 14:33
Main Image

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դասալիք է անվանել այն դիվանագետներին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացը համարում են ոչ լեգիտիմ և հակասահմանադրական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարին ուղղված հարցին, թե տասնյակ դիվանագետներ պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի վրա դելիմիտացիա իրականացնելը հակասահմանադրական է, ինչպե՞ս է ԱԳ նախարարը գնահատում այս դիրքորոշումն ու հնարավո՞ր է, որ դիտարկվեն նաև նրանց առաջարկները, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց.

«Ես ջանքեր եմ գործադրում հնարավորինս չներքաշվել ներքաղաքական որոշ գործընթացների մեջ, բայց ես քաղաքական թիմի անդամ եմ և քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում։ Եվ նաև ջանքեր եմ գործադրում չանցնելու քաղաքական բանավեճի մեջ բարեկրթության սահմանները, բայց մի քանի չոր արձանագրում չանել չեմ կարող։

Ձեր նշած փորձառու դիվանագետները, հավանաբար, այն դասալիքներն էին, ովքեր լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը բառացի այն նույն օրերին, երբ Հայաստանի սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում կամ ունեցել ռազմական ագրեսիա: Որևէ կաթիլ լրջություն այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների  նկատմամբ չեմ կարող ունենալ»,-հայտարարեց Միրզոյանը։

Միրզոյանի կարծիքով՝ սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող է իրեն թույլ տալ հնչեցնել, իսկ իրականությունը, իր կարծիքով, ավելի վատ է։

«Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են, վստահ չեմ կարող ասել գիտակցաբար, թե ոչ, ականահարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, պետականությունը և տարածքային ամբողջականությունը»,- եզրափակեց Միրզոյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակում ստեղծված Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանը մայիսի 12-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ներկայացրել էր փաստաթուղթ՝ կապված ՀՀ սահմաններին զարգացումների հետ և խաղաղության օրակարգի, մարտահրավերների և առաջարկվող  քայլերի  մասին:

Աղբյուր` Փաստինֆո