35 տարի օդում՝ Արցախյան պատերազմից մինչև Աֆղանստան ու Իրաք. հայ օդաչուն կյանքը նվիրել է ավիացիային |МедиаМесс
Հասարակություն 28 սեպտեմբերի 2024, 01:03Քչախոս, բարի, վստահություն ներշնչող հայ օդաչու Էդուարդ Կարապետյանն արդեն 35 տարի «օդում է» և պատրաստվում է ևս 10 տարի ծառայել հայկական ավիացիային:
Էդուարդ Կարապետյանն անկեղծանում է՝ առհասարակ շատ քիչ է խոսում և երբեք հարցազրույցներ չի տալիս, սակայն «Արմենպրես»-ի հետ զրույցում համաձայնում է պատմել իր անցած ուղու և ընտանիքի մասին: Հայ օդաչուն, հարցազրույցից ընդամենը կես ժամ առաջ էր վայրէջք կատարել. ուղևորներին բարեհաջող Երևան էր հասցրել Վորոնեժից:
Մենք անմիջապես գնացինք դեպի ինքնաթիռ, որտեղ մեզ թույլատրել էին լինել նաև օդաչուների սրահում: «Օդում եղել եմ գրեթե 23 հազար ժամ, սակայն մինչև այսօր էլ վախեր ունենում եմ թռիչքից առաջ»,- ահա այսպես բնութագրեց Էդուարդ Կարապետյանն իր աշխատանքի՝ շատերի համար ոչ տեսանելի ու հուզական մասը:
Ծնվել եմ օդաչուի ընտանիքում
«Ծնվել եմ օդաչուի ընտանիքում, հայրս օդանավակայանում օդաչու-բորտ ինժեներ է եղել, մայրս էլ դիսպետչեր է եղել: Հայրս մոտ 30 տարի աշխատել է այս ոլորտում: Մեծ եղբայրս էլ է օդաչու, ինձնից երեք տարի առաջ է սկսել աշխատել: 1983 թվականից Ուկրաինայի Կրիմինչուկ քաղաքում սովորել եմ ուղղաթիռների ուսումնարանում և ավարտել եմ 1986 թվականին: Այդ տարվանից սկսել եմ աշխատել հայկական ավիացիայի ոլորտում, որպես ուղղաթիռի հայ օդաչու»,- ասաց Կարապետյանը:
Եղբայրս իմ ուսուցիչն է եղել
Եղբոր մասին Էդուարդ Կարապետյանն առանձնակի հպարտությամբ է խոսում. եղել է նաև նրա ուսուցիչը: «Ինքնաթիռի հարցում իմ ուսուցիչը եղել է եղբայրս՝ Ալբերտը: Նրա հետ աշխատել եմ Արաբական Միացյալ Էմիրություններում, Աֆղանստանում, Իրաքում, Ղազախստանում և այժմ էլ Հայաստանում: Աբոն մինչև հիմա էլ իմ ուսուցիչն է»,- ասաց օդաչուն և հավելեց, որ միայն ուղղաթիռ վարելն է առանց եղբոր սովորել:
Ուղղաթիռով թռիչքն իր դժվարություններն ունի
Օդաչու դառնալուց 2 տարի անց՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին եղավ Սպիտակի երկրաշարժը: «Այդ ժամանակ օգնություն էինք տանում Շիրակի և Լոռու մարզեր: Դեռ երկրաշարժից ուշքի չեկած՝ 1990-ականներին էլ սկսվեց Արցախյան պատերազմը: Կապ էինք պահում Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքների հետ:
Այդ ժամանակ մասնակցել ենք և՛ պատերազմին, և՛ վիրավորներին ենք հասցրել հիվանդանոցներ ու հոսպիտալներ։ Ծանր օրեր էին, բայց վախ չեմ զգացել, այն ժամանակ մոտ 20 տարեկան էի և ավելի շատ հայրենասիրությունն էր խոսում իմ մեջ: Այսօր աշխատում եմ շատ չհիշել այդ տարիները, քանի որ ընկերներ եմ կորցրել, շատ բարդությունների ու դժվարությունների միջով եմ անցել»,- շեշտեց Էդուարդը:
Հայ օդաչու Էդուարդ Կարապետյան
Ուղղաթիռից օդանավ անցումն ինձ համար հեշտ է եղել
Պատերազմի ավարտից հետո նա որոշում է կայացրել դառնալ ինքնաթիռի օդաչու: «Ինձ համար այդ անցումը հեշտ է եղել, քանի որ ուղղաթիռը կառավարելն ավելի դժվար է: Աշխատել եմ Երևանի Էրեբունի օդանավակայանում և առաջին թռիչքս եղել է ЯК-40 ինքնաթիռով:
Ավելի քան երկու տարի անց սկսել եմ Ан-24 ինքնաթիռը կառավարել և այդ ժամանակ արդեն աշխատում էի Աֆրիկայի տարածքում, որտեղ ուղևորներին մի քաղաքից մեկ այլ քաղաք էինք տեղափոխում, քանի որ ջունգլիներ էին հիմնականում և ճանապարհներ չկային: Այնտեղ ապրել եմ 4 տարի: 1996 թվականից տեղափոխվել եմ Ан-12 բեռնատար օդանավ, որով թռել եմ Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Աֆղանստան և Իրաք։
Այդ տարիներին եղել է Աֆղանստանի և Իրաքի գրեթե բոլոր քաղաքներում: Պատերազմի ավարտից հետո նա վերադարձել է Հայաստան:
Ճանապարհն ինձ տարավ Ղազախստան…
«ԱՄԷ-ից, երբ վերադարձա Հայաստան, աշխատեցի «Արմավիա» ավիաընկերությունում, որն ամիսներ անց սննկացավ և ստացվեց այնպես, որ աշխատանք չկար: Այս ավիաընկերությունում աշխատանքի 6-7 ամսվա ընթացքում կանադական CRJ-200 ինքնաթիռով վերապատրաստում եմ անցել որպես հրամանատար: 2011 թվականին տեղափոխվել եմ Ղազախստանում ապրելու, որտեղ աշխատել եմ մոտ 7 տարի:
Այնտեղ վարել եմ կանադական CRJ-200 ինքնաթիռը: 2018 թվականի փետրվարին վերադարձել եմ Հայաստան: Այժմ աշխատում եմ «Արմենիա» ավիաընկերությունում, որտեղ վերապատրաստում եմ անցել «Բոինգ-737» ինքնաթիռով: Մոտ 20 տարի օտար ափերում լինելուց հետո վերադարձա տուն»,- ասաց Էդուարդը:
Ոչ տղայիս և ոչ աղջկաս ծնվելու ժամանակ Հայաստանում չեմ եղել
Երեխաների մասին Էդուարդ Կարապետյանն առանձնահատուկ ջերմությամբ սկսեց պատմել, հատկապես աղջկա Շուշանիկի մասին: «Ամուսնացել եմ 1994 թվականին, մեկ տարի անց՝ 1995 թվականին, ծնվել է տղաս՝ Ռուբենը, ում կոչել եմ հորս պատվին: 1998 թվականին ծնվել է աղջիկս՝ Շուշանիկը, ով իմ կյանքի կեսն է»,- ասաց Էդուարդն ու խոստովանեց, որ ոչ աղջկա, ոչ էլ տղայի ծնվելու ժամանակ Հայաստանում չի եղել:
Երեխաներն այժմ աշխատում են ավիացիայի ոլորտում, Ռուբենը՝ ավիադիսպետչեր է: Նա Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքում 2 տարի օդաչուական ուսումնարանում է սովորել, ինչից հետո եկել և ծառայել է հայկական բանակում:
Ծառայությունից հետո էլ՝ մինչև այսօր, ցանկանում է դառնալ օդաչու, սակայն Հայաստանում ուսումնական հաստատությունում սովորել է ավիադիսպետչերի հմտություններ և այժմ աշխատում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: «Արմենիա» ավիաընկերությունում Շուշանիկն աշխատում է որպես DCS (Departure control system) բաժնի մասնագետ: Երկուսն էլ ավիացիայի ոլորտում են և շարունակում են ընտանեկան ավանդույթները:
Դուստրը՝ Շուշանիկը, ով հարցազրույցի ժամանակ նստած էր հոր կողքին, պատմեց, որ մինչև մոտ 2 տարեկան չի հասկացել, թե ով է ժամանակ առ ժամանակ գալիս իրենց տուն: «Փոքր էի ու, երբ հայրս գալիս էր տուն, չէի հասկանում, թե ով է նա ու ինչի պետք է «այդ տղամարդը» մեր տանը մնա: Երկար ժամանակ պահանջվեց, մինչև սկսեցի ընտելանալ և հասկանալ, որ նա մեր հայրն է և սովորել էի, որ պետք է ամեն գալուց մեզ համար քաղցրավենիք բերի»,- հիշեց Շուշանիկը:
Սնահավատ չեմ
«Սնահավատ չեմ և չեմ կարծում, թե հայ օդաչուն պետք է այդպիսին լինի: Ինքնաթիռի շարժիչը գործի գցելուց հետո ամեն թռիչքից առաջ ասում ենք «Աստված մեզ հետ» և թռնում: Մենք Աստծուն մոտ ենք լինում ու մեր ձայնը շուտ է հասնում նրան»,- կատակեց Էդուարդը:
Բարդ թռիչքներ եղել են. շարժիչն է խափանվել
Նա պատմում էր, որ շատ բարդ թռիչքներ են եղել իր կարիերայի ընթացքում, շարժիչն է խափանվել, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: «Իհարկե, բարդ դեպքեր եղել են, էլ ինչ օդաչու, որ 30 և ավելի տարի աշխատի և ոչ մի խնդրի առաջ չկանգնի»,- պատմեց քչախոս հայ օդաչուն և ասաց, որ չի ցանկանում շատ բան պատմել, պարզապես ուզում է, որ բոլոր օդաչուները միշտ բարեհաջող վայրէջք կատարեն: Էդուարդը վստահ է՝ հաջողակ է և անդառնալի դեպքեր իր հետ չեն պատահել:
Մինչև 63 տարեկան կարող եմ լինել օդում
«Որքան առողջությունս թույլ տա պատրաստվում եմ լինել օդում և մինչև թոշակ ստանալս դեռևս 10 տարի կա. հնարավոր է հենց այդքան էլ աշխատեմ: Ընտանիքիս անդամներն էլ «չեն թողնում» թոշակի գնամ»,- անկեղծանում է Էդուարդը: