Ով է Ռոզի Ավետիսովնայի սիրելին․ բացառիկ մանրամասներ․ Tert.am Life |МедиаМесс
Ժամանց 18 հուլիսի 2024, 18:57Մարդը տառապում է, երբ չի ստանում այն, ինչ ուզում է: Բայց նա ավելի է տառապում, երբ չի կարողանում հասկանալ, թե ինչ է ուզում: Այս մասին է «Թատրոն Տանիքում»-ի «Ակվարիում» ներկայացումը: 18+ ներկայացման հերոսները ազատ խոսում են սիրո ու սեքսի մասին, բայց ներկայացման մեջ չկան բաց տեսարաններ: Ներկայացման հերոսներից մեկին մարմնավորող դերասանուհի Ռոզի Ավետիսովան Tert.am Life-ի հետ խոսել է ներկայացման նոր ու հետաքրքիր ֆորմատի, ինչպես նաև՝ անձնական կյանքի մասին:
«Ակվարիում» ներկայացման մեջ շատ արագ ներմուծվեցի, որովհետև դերասանուհին դուրս էր եկել և ինձ հրավիրեցին: Հրավերն ընդունելու պատճառները 2-ն էին, նախ պիեսն եմ շատ հավանել, և 2-րդը՝ ներկայացումն իր տեսակով ու ֆորմատով ինձ շատ հետաքրքիր էր: Ինձ համար նաև հետաքրքիր էր ռեժիսորի՝ Ֆրիդա Յորքի հետ աշխատելը: Նախկինում փորձ չեմ ունեցել կին ռեժիսորի հետ աշխատելու: Բավականին հաճելի և պրոդուկտիվ էին փորձերը:
Կերպարները այնքան նուրբ ու մարդկային ապրումների մեջ են, որ պետք է ներկայացումը դիտել, խոսելը բարդ է դրա մասին: Մարդու ճակատագիրը որքանով կարող է փոխել պատահականությունը: Ամենահասուն ու կայացած կինը, ինչպիսին իմ կերպարն է, կարող է սիրահարվել, ունենալ զգացմունքներ, դրա արդյունքում քանդել այն ամենն ինչ կար: Բայց դա անել՝ ոչ դիմացինին ցավեցնելու համար: Մարդիկ հաճախ ընտրություն են կատարում, որը և՛ իրենց համար է ճակատագրական, և՛ դիմացի:
Խոսում ենք սիրո ու սեքսի մասին, բայց բաց տեսարաններ չկան
Ներկայացման մեջ բավականին բաց տեքստեր կան, խոսվում է սիրով զբաղվելու, դավաճանության, սեքսի մասին, բայց նմանատիպ տեսարաններ չկան: Անկեղծ ասած, խաղացել եմ 3 ներկայացում, որի ժամանակ ունեցել եմ խիստ ադեկվատ հանդիսատես, որևէ տարօրինակ ընկալում չեմ նկատել հանդիսատեսի կողմից: Մի կարևոր բան կա՝ ամեն ինչ այդ պահին դերասանի ձեռքում է և նրա մատուցման մեջ է: Դու կարող ես ամեն ինչի մասին խոսել թատրոնում, այն ամենն, ինչ կա մեր կյանքում՝ առանց բացառությունների: Եվ, եթե դու դա ներկայացնում ես համոզիչ, առանց ստի ու կեղծիքի, առանց գրոտեսկի ու գռեհկության, հանդիսատեսը քեզ հետ համաձայնում է, որևէ բողոք չի ունենում: Այս ներկայացման մեջ ամեն ինչ շատ էսթետիկ է և ոչ գռեհիկ:
Ծիծաղելի է, երբ հասուն մարդկանց պատմում ես սեր և ասում՝ ես չեմ համբուրվում
Ես մասնագիտության մեջ որևէ սահման չունեմ, հիմա չեմ կարող ասել մինչև ուր կգնամ, կամ՝ չեմ գնա, որովհետև ամեն ինչ կախված է իրավիճակից: Կարող է ռեժիսոր լինել, ում մոտ անգամ չուզես համբույրի տեսարանում նկարվել, գտնես, որ դա պետք չէ ֆիլմին: Բայց կարող է աշխատես մեկի հետ, ում մոտ շատ բաց տեսարանում համաձայնես նկարվել, որովհետև հասկանաս, որ դա չի անում ժամանակակից երևալու համար, այլ որովհետև նյութն է պահանջում: Երբեմն շատ ծիծաղելի է, երբ դու հասուն մարդկանց պատմում ես սեր, և շեշտը դրված է սիրո, կրքի վրա և ասես՝ «ես չեմ համբուրվում»: Իսկ ո՞նց են սիրում հասուն մարդիկ: Ֆիլմեր կան, որոնք պահանջում են դա, պետք է գրագետ և պրոֆեսիոնալ մոտենալ այն աշխատանքին, որն անում ես:
Հրաժարվում եմ սերիալներից
Հեռուստանախագծերում այս պահին չկամ: Երկարատև սերիալներից ինքս եմ հրաժարվում, ինձ չեմ պատկերացնում այդ ամենի մեջ: Դա շատ տանջալի է ինձ համար: Որքան էլ, որ հասկանում եմ, որ դա ֆինանսապես ստաբիլություն է բերում, բայց հրաժարվում եմ: Անում եմ այն, ինչ այդ պահին սիրտս է ուզում: Բացի այդ, ինձ համար հետաքրքիր չեն առաջարկվող սերիալներն ու դերերը:
Իմ կյանքում կա ինչ-որ մեկը
Ես վերջին շրջանում իմ անձնականի մասին հրապարակումներ չեմ անում և չեմ խոսում այդ մասին: Միայն կարող եմ հավելել, որ իմ անձնական կյանքում ամեն ինչ հրաշալի է: Իմ կյանքում կա ինչ-որ մեկը, բայց մանրամասները չեմ ուզում բարձրաձայնել: