«Մեր բակը» սկիզբ դրեց անկախ Հայաստանի ֆուֆլոնային մշակույթի ձևավորմանը. Ռիչարդ Մադլենյան |МедиаМесс

Մշակույթ Ժամանց 17 հուլիսի 2024, 00:37
Main Image

Երևանի փողոցներով քայլելիս, եթե մի պահ փորձես փակել աչքերդ ու «լսել» քաղաքը, մեղմ ասած՝ այնքան էլ հաճելի պատկեր չես ստանա. անընկալելի արագությամբ սլացող մեքենաներից ու ռեստորաններից հնչող երաժշտությունը կենտրոնում դոմինանտ է:

Երգիչ-երգահան Ռիչարդ Մադլենյանն ասում է, որ «ռաբիս» երաժշտության մշակույթը Հայաստանում հետսովետական ամբողջ վարքերի ու բարքերի արդյունքում է ձևավորվել: Ըստ նրա՝ դա «այլանդակություն է և անտանելի», ինչը մեր հասարակությանը, մշակութային քաղաքականությանն ու ազգային անվտանգությանը ուղիղ սպառնալիք է:

«Հակահայկականությունը միայն ռաբիսի ոլորտում չէ, եթե վերցնենք փոփ երաժշտության մշակույթը, աղետ է ուղղակի: Սովետի ժամանակվանից ներմուծվեց այդ ադրբեջանական աղբը. Զեյնաբ Խանլարովան գալիս էր, «Հրազդան» ստադիոնը լցնում էր, ամբողջ ազգը գնում, Բաքվի «մյուզիքն» էր լսում: Իհարկե, դա սովետից սկսեց ներթափանցել մեր մեջ, հետո արմատացավ, դարձավ մշակույթ, կիսաադրբեջանական, թուրք-ազերական ժողովրդական խմբերը ձևավորվեցին, որը, ըստ իս, բացարձակ կապ չունի, օրինակ, Կոմիտասի և Կոմիտասի ստեղծած երաժշտության հետ»,- ասում է Մադլենյանը:

Երաժշտի խոսքով՝ սա արդեն 100 տարուց ավելի ձևավորված մշակույթ է, որը մտել է ժողովրդի մեջ, և բավական մեծ աշխատանք է պահանջվում փոխելու համար:

«Երբ որ փողոցով քայլում ես, չձևավորված ֆուֆլոններ կան, մեքենաների ղեկին նստած՝ գլուխները դուրս տնկած՝ անճաշակ երաժշտությամբ... Չեմ էլ ուզում դրա մասին խոսել, որովհետև միշտ է եղել, իսկ դրա կնքահայրը եղել է այն ֆիլմը, որ ամբողջ ազգով պաշտում են՝ «Մեր բակը»՝ աշխարհի ամենադեգեներատ ֆիլմերից մեկը, որը սկիզբ դրեց անկախ Հայաստանի ֆուֆլոնային մշակույթի ձևավորմանը: Այն, որ սովետից հետո ազատությունը եկավ, ֆիլմը նկարեցին, ամբողջ քաղաքային կեղտը լցրին դրա մեջ՝ «մանթո ես», «ժամո ես», չգիտեմ՝ ինչ ես, դա դարձավ պոպուլյար, հիմք հանդիսացավ, որ ամբողջ ազգը մինչև հիմա՝ 30 տարի մեքենաներից աքլորների նման գլուխները դուրս հանած շրջեն քաղաքում: Հասկանո՞ւմ եք, թե ի՜նչ ազդեցություն կարող է ունենալ մշակույթը: Սա, ըստ իս, եղավ հասարակության կործանման առաջին հիմնասյունը, դրանից հետո սկսեցին այդ բովանդակության և կոլորիտի դրսևորումները դառնալ դոմինանտ, որը դարձավ աղետալի»,- ասում է Ռիչարդ Մադլենյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում