Այն ինչ իմ հանդեպ անում եք շատ անձնական է. Լևոն Քոչարյան |МедиаМесс
Քաղաքականություն 29 հունիսի 2024, 11:57Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Ամերիկայից տեսել, նկատել են, որ հարված կա, մեզ մոտ դատախազություն, քննչականում ոչ մեկ չի նկատում։ Դատաբժիշկի եզրակացությունը՝ իմ վնասվածքներով ֆիքսված, ոչ մեկը չի տեսնում: Ձեր ապօրինի, սխալ գործողությունների արդյունքում ինձ բանտ եք նստացրել։
Ինձ տեսակցության են եկել իմ երկու երեխաները։ Ինչի՞ պիտի լիներ այդ ամենը, երբ բացարձակ ոչ մի սխալ բան չեմ արել։ Հիմա ինչի՞ սա ինձ համար անձնական չպիտի լինի, ուզում եք չբորբոքվեմ, ուրիշ ձևով չմեկնաբանենք էս ամեն ինչը։
Այն ինչ իմ հանդեպ անում եք շատ անձնական է, ուրիշ ձև չի կարող լինել։ Մի հատ էլ ուզում եք մեզ 2-ից 5 տարի տանել, փակել․ հարց տվեք ձեզ՝ ի՞նչի համար»,- նշեց նա:
Լևոն Քոչարյանը պատմեց նաև ոստիկանական ավտոմեքենայում իր նկատմամբ բռնություն գործադրելուն․ «Ինձ ինչ-որ մի ձև տանում, հասցնում են մեքենան, այնտեղ արդեն երկրորդ գործողությունն է սկսվում։ Առաջինը վարորդն է պտտվում ու սկսում է ինձ հարվածել, ես նրա հետ նույնիսկ բառ չեմ փոխանակել։ Իմ նկատմամբ մեքենայում բռնությունները շարունակվել են։ Արդյո՞ք եղել է ոստիկանների օրինական պահանջ։
Մենք գործի սկզբից էլ ասել ենք, որ օրինական պահանջ չի եղել։ Եթե որպես այդպիսին օրինական պահանջ չի հնչել, մեզ չի ասվել, ժամանակ չի տրվել։ Եթե օրինական պահանջ իրականում չի եղել, որը մենք փաստերով ենք ցույց տալիս, տեսեք՝ ինչ հանցավոր խումբ է գործել ցույց տալու համար, որ սա եղել է։ Մոտ 18 ոստիկան եկել ու ցուցմունք են տվել, որ իբրև իրենք են այդ կոչը հնչեցրել, և իրենց ասածներից ոչինչ չի համապատասխանում իրականությանը։
Այն, որ կատարվել է անաչառ ու համակողմանի նախաքննություն, առնվազն ճիշտ չէ։ Օրինակ՝ ես չգիտեմ՝ արդյո՞ք դատախազությունը փորձել է ամբողջ տեսանյութը ստուգել։ Օբյեկտիվ իրականությունն ի վերջո տեսանյութն է ցույց տալիս։ Մեղադրող կողմի ամեն ասածի դեմ մենք կարող ենք ընդամենը «փլեյ» կոճակը սեղմել»։