Armtimes.com–ը գրում է․
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը 2024 թվականի մայիսի 24-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ վերջինս միանձնյա սեփականությամբ չորս բնակարան ունի Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում, որոնցից մեկը ձեռք է բերել 2021 թվականին, իսկ մնացածը՝ 1991-ին։
Նույն համայնքում նա ունի համատեղ սեփականությամբ 1984 թվականին ձեռք բերած ևս մեկ հողամաս, ինչպես նաև նույն թվականին ձեռք բերած համատեղ սեփականությամբ շինություններ:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում էլ Օհանյանն ունի հողամաս և անհատական բնակելի տուն:
Որպես շարժական գույք «Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարագրել է 2013 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա։
Պաշպանության նախարարի հայտարարագրած դրամական միջոցները տարեսկզբին կազմել են զրո դրամ։ Տարեվերջին՝ դարձել 1 միլիոն դրամ։
Օհանյանի տարեկան եկամուտը եղել է 10 միլիոն 297 հազար 310 դրամ, որը նա ստացել է Ազգային ժողովից՝ որպես աշխատավարձ։
Վերջինս 10 միլիոն 202 հազար 220.3 դրամի չափով վարկ ունի։
Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, նույնպես ներկայացրել է 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ նա հայտարարագրել է 2009 թվականի արտադրության «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջին պահպանվել է։
Որպես դրամական միջոց՝ Խաչատրյանը ներկայացրել է 982 դրամ, որը տարեվերջին չի պահպանվել։ Խաչատրյանն ունի վարկ, որի վճարման արժեքը կազմել է 5 միլիոն 880 հազար 751.34 դրամ։