Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության հայտարարությունը Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ:
«Բարձր ենք գնահատում այդ դիրքորոշումը, որն արտացոլում է Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքին և հավասարության, ինքնիշխանության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքներին»,- ասված է Լիբանանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայտարարությունը:
Իրաքը նաև կոչ է արել միջազգային հանրությանը՝ «իրավական պատասխանատվություն ստանձնելու և միջազգային օրինականության համապատասխան՝ բանաձևերը կատարելու այնպես, որ երաշխավորի պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և իր օրինական ազգային ձգտումների իրականացումը»:
Պաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը:
Գերատեսչությունը շեշտել է հայ և պաղեստինցի ժողովուրդների պատմական և եղբայրական հարաբերությունների խորությունը՝ ընդգծելով՝ Պաղեստինի պետության ճանաչումը, որն արտահայտում է պատմական հարաբերությունների իսկությունը, համահունչ է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի համապատասխան բոլոր բանաձևերին:
Պաղեստինի ԱԳՆ-ն Հայաստանի որոշումը համարում է իրական ներդրում խաղաղության մեջ և գործնական քայլ՝ աջակցելու միջազգայնորեն ընդունված երկու պետություն սկզբունքով լուծմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:
Կատարի արտգործնախարարությունը կարևոր քայլ է որակել Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստին Պետության ճանաչումը:
«Այդ որոշումը կնպաստի երկու պետության՝ բանաձևով կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը:
«Դա դրական քայլ է, որը կնպաստի այն ամենին, ինչ նախատեսված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով և Արաբական խաղաղության նախաձեռնությամբ՝ պաղեստինցի ժողովրդին ինքնորոշման իրավունք տրամադրելու և անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ: