Ինչ ունեցվածք են հայտարարագրել Սիրուշոն և Լևոն Քոչարյանը․ բացառիկ մանրամասներ |МедиаМесс
Քաղաքականություն 21 հունիսի 2024, 22:36Armtimes.com-ը գրում է․ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի Լևոն Քոչարյանը 2024 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ վերջինս Երևան քաղաքում ունի միանձնյա սեփականությամբ ավտոկայանատեղի, որը գնել է 2009 թվականին, ինչպես նաև՝ նույն թվականին Երևանում որպես նվիրատվություն ստացած միանձնյա սեփականությամբ բնակարան, որը գտնվում է բազմաբնակարան բնակելի շենքում։
Կրտսեր Քոչարյանը մայրաքաղաքում նաև ունի 2013 և 2012 թվականներին ձեռք բերած համատեղ սեփականությամբ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։
Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2013, 2019 թվականների արտադրության երկու «Տոյոտա» մակնիշի և 2020 թվականի արտադրության «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ։
Լևոն Քոչարյանը «Մուդելայզեր» ԱԲ ընկերությունում ունի 100 հազար եվրո արժողությամբ բաժնեմաս, որը ձեռք է բերել 2015 թվականին, ինչպես նաև՝ 2016 թվականին ձեռք բերած 300 հազար դոլար արժեքով բաժնեմաս «Էքսզել Աութդորս»-ում:
Որպես նվիրատվություն նա եղբոր՝ Սեդրակ Քոչարյանից, ստացել է 31 միլիոն 830 հազար դրամ։ Քոչարյանը Ստեփանյան Սամվելից և Շահինյան Հովիկից որպես գնում ունի 5 հազար ռուբլի և 1 միլիարդ 74 միլիոն դրամ արժողությամբ բաժնեմաս։
Ռոբերտ Քոչարյանի որդին «Զեմկոմինվեստ» ՍՊԸ-ում ունի 244 միլիոն 452 հազար 574 ռուբլի արժեքով փոխառություն, իսկ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիա ՀԿ-ից նա ունի 4 միլիոն 270 հազար դրամ և 9 հազար դոլարի փոխառություն։
«Հայաստան» խմբակցության պատգամավորի անկանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 0 և 318 հազար 386 դրամ, որը տարեվերջին դարձել են 153 հազար 129 և 314 հազար 885 դրամ։ Ինչպես նաև՝ 6 հազար 700 շվեդական կրոն, 834 դոլար, որը տարեվերջին դարձել է 36 հազար 79 դրամ, և 30.15 և 490 հազար 500 դրամ, որոնք տարեվերջին կազմել են 10.15 դոլար և 12 միլիոն 363 հազար 650.9 դրամ։
Վերջինիս կանխիկ գումարը տարվա ընթացքում եղել է 12 միլիոն դրամ, որը տարեվերջին դարձել է 3 միլիոն դրամ:
Քոչարյանի տարեկան եկամուտը կազմել է 321 միլիոն 153 հազար 152 դրամ, որից 19 միլիոն 799 հազար 451 դրամը եղել է աշխատանքի վարձատվություն «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից։ Ազգային ժողովից որպես աշխատավարձ նա ստացել է 2 միլիոն 413 հազար 785 դրամ։ «Թարգեք գրուպ»-ից որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում ստացել է 8 միլիոն 190 հազար 166 դրամ, նույն վճարի համար «Սելֆ պլյուսից» Քոչարյանը ստացել է 5 միլիոն 749 հազար 750 դրամ։
Նա ունի 285 միլիոն արժողությամբ շահաբաժին «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունում:
Քոչարյանի կրտսերը 0.7, 0.46, 50, 60, 33.3 տոկոսի չափով մասնակցություն ունի «Էքսզել Աութդորս», «Մուդելայզեր ԱԲ», «Զեմկոմինվեստ», «Նաիրի Ինշուրանս», «Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ-ներում։
Լևոն Քոչարյանի կինը՝ երգչուհի Սիրուշոն, նույնպես ներկայացրել է 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ նա ևս համատեղ սեփականությամբ Երևանում բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 2 տարածք ունի։
Որպես դրամական կանխիկ միջոցներ Սիրուշոն հայտարարագրել է 300 դոլար, որը տարեվերջին դարձել է 890 դոլար, ինչպես նաև 504 հազար 291 դրամ և 5 հազար 976 դոլար, որոնք տարեվերջին դարձել են 1 միլիոն 169 հազար 432 դրամ, 10 հազար 167 դոլար։
Նրա կանխիկ միջոցը կազմել է 15 միլիոն, որը տարեվերջին դարձել է 2 մլն դրամ։
Սիրուշոյի տարեկան եկամուտը եղել է 101 միլիոն 958 հազար 424, որից 255 հազար 500 դոլարը, որը նա ստացել է «Armat LLC»-ից որպես շահաբաժին, 2 միլիոն 883 հազար 189 դրամ էլ՝ «Սիրուշո Փրոդաքշն»-ից՝ որպես աշխատանքի վարձատրություն։