Արևմուտքը փորձում է մինչև հոկտեմբեր հեղափոխություն իրականացնել. ՌԴ ԱԳՆ |МедиаМесс

Աշխարհ 04 հունիսի 2024, 17:23
Main Image

Արևմուտքը փորձում է մինչև հոկտեմբեր Վրաստանում իրագործել ուկրաինական «Մայդանի» սցենարը Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության նոր օջախ ստեղծելու համար։ Այս մասին հունիսի 4-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Մենք տեսնում ենք Վրաստանում իրավիճակը սրելու արևմտյան երկրների փորձերը հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Չենք բացառում, որ նպատակը իշխանափոխության «Մայդանի» սցենարն իրականացնելն է՝ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության հերթական օջախ ստեղծելու ակնկալիքով»,- ասել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Գալուզինի խոսքով, այժմ ԱՄՆ-ն և Եվրամիությունը, որպես տարբեր ինքնիշխան պետությունների վրա ճնշում գործադրելու իրենց կուրսի մի մաս, որոշել են «վերցնել» Վրաստանը՝ այնտեղ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի քննարկման պատճառով:

Թեև ԱՄՆ-ն և մի շարք այլ արևմտյան երկրներ արդեն ունեն նմանատիպ կամ ավելի խիստ չափանիշներ, Վաշինգտոնը և Բրյուսելը սկսել են մեղադրել վրացական իշխանություններին «ժողովրդավարությունը խարխլելու» և եվրոպական ու եվրատլանտյան արժեքներին չհամապատասխանելու մեջ, ասել է փոխարտգործնախարարը։ 

Գալուզինը նաև ուշադրություն է հրավիրել արևմտյան երկրների՝ օրենքի ընդունման հետ կապված պատժամիջոցներ կիրառելու, Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակից զրկելու և երկրի համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու սպառնալիքների վրա։ Բացի այդ, նա մատնանշել է Իսլանդիայի, Էստոնիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների մասնակցությունը Թբիլիսիում փողոցային ցույցերին։

Դիվանագետի խոսքով՝ դա կարելի է բնութագրել՝ որպես արևմտյան երկրների նեոգաղութատիրական գործելակերպին համահունչ անկախ պետության գործերին բացահայտ միջամտություն։

«Ի հակադրություն՝ Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի կայուն և ժողովրդավարական զարգացմամբ և չի միջամտում ինքնիշխան պետությունների ներքին գործերին»,-ընդգծել է Գալուզինը։