Էրդողանը սպառնում է Սիրիայի քրդերին նոր ռազմական գործողություններով |МедиаМесс

Աշխարհ 31 մայիսի 2024, 19:33
Main Image

Թուրքական լրատվամիջոցներին, ինչպես նաև Թուրքիայի ղեկավարությանը մեծապես անհանգստացրել է Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից նախաձեռնվելիք ՏԻՄ ընտրությունները։

ՏԻՄ ընտրությունների հարցին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և սպառնացել քրդերին  նոր ռազմական գործողություններով։

 «Մենք ուշադիր հետևում ենք ահաբեկչական կազմակերպության ագրեսիվ գործողություններին մեր երկրի և Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ՝ ընտրությունների պատրվակով: Մենք նախկինում արել ենք այն, ինչ անհրաժեշտ էր... Մենք չենք վարանի նորից գործելու, եթե հայտնվենք նույն իրավիճակում։ Երբ խոսքը վերաբերում է մեր երկրի տարածքային ամբողջականությանը, մենք ոչ մեկին չենք լսում և չենք ծնկել որևէ սպառնալիքի առաջ»,- նշել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Թուրքիան ահաբեկչական է համարում Սիրիայի քրդական ուժերին, որոնց դեմ պաշտոնական Անկարան վերջին տարիներին մի քանի խոշոր ռազմական գործողություններ  է իրականացրել։ Տեղի ունեցած օպերացիաների հետևանքով մի շարք շրջաններ հայտնվել են Թուրքիայի հովանու ներքո գտնվող ընդդիմադիր ծայրահեղականների փաստացի օկուպացման տակ։

Չնայած ՄԱԿ-ի, Սիրիայի ու մի շարք այլ երկրների կոչերին, Թուրքիայի զինված ուժերը ու նրանց հարող ուժերը շարունակում են մնալ Սիրիայի հյուսիսի որոշ հատվածներում։