20-ամյա Էլենը 2 տարի առաջ էր ամուսնացել, այդ տանը վարձով էր ապրում․ մանրամասներ դեպքից |МедиаМесс
Հասարակություն 19 հոկտեմբերի 2024, 20:49Կոտայքի մարզի Քասախ գյուղում նախօրեին մահացած հայտնաբերված 20-ամյա Էլեն Խ․-ն 2 տարի առաջ էր ամուսնացել, այդ տանը վարձով էր ապրում ամուսնու և եղբոր հետ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Քասախի վարչական ղեկավար Արտակ Թովմասյանը։
Նրա խոսքով՝ ընտանիքը Արթիկի գյուղերից վերջերս էր տեղափոխվել և վարձով բնակվում Քասախում։
«Մայրն ու փոքր քույրը Քասախում ուրիշ տանն են վարձով ապրել, մահացած աղջիկը, իր ամուսինն ու եղբայրը էլի Քասախում, բայց ուրիշ տանն են վարձով ապրել։ Մայրն առավոտյան զանգել է, չեն պատասխանել, ինչ-որ բան է կանխազգացել։ 1 ժամ հետո հասել է նրանց տան մոտ, բայց դուռը բացող չի եղել։ Տան տիրոջը կանչել են, պատուհանը բացել են, տեսել են, որ երեքն էլ փսխած, ուշագնաց ընկած են։
Գազից թունավորվելու մասին են խոսում, բայց ես չեմ կարող ասել։ Գուցե սննդային թունավորում է եղել, որովհետև ներս մտնողներն էլ են ասել, որ գազի հոտ չեն զգացել։ Դա նախաքննությունը կպարզի։ Փաստացի՝ երկար ժամանակ այդ վիճակում են եղել, որովհետև մայրը առավոտ 8-ից զանգել է, չեն պատասխանել, ժամը 9-ին մոտեցել է, մինչև եկել, բացել են դուռը, մոտավորապես ժամը 10-ն է եղել, ինձ զանգել են 10-ից 10 պակաս։
Մոտավորապես 2 ժամ և ավելի ուշագնաց վիճակում են եղել։ Աղջիկը մահացել է, իսկ ամուսնուն ու եղբորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Իրենք 2 տարի առաջ էին ամուսնացել, երեխա չունեին»,- ասաց Քասախի վարչական ղեկավարը։