Արտաշատում նոր եկեղեցի է հայտնաբերվել, ամենայն հավանականությամբ` առաջին եկեղեցին Հայաստանում |МедиаМесс

13 հոկտեմբերի 2024, 10:21
Main Image

ՀՀԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինտիտուտի և Մյունստերի համալսարանի հնագետներն Արտաշատ քաղաքի մոտակայքում իրականացվող հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են նախկինում անհայտ վաղքրիստոնեական տաճարի հիմքեր: Տաճարն իրենից ներկայացնում է խաչաձև հատակագծով ութանկյուն շինություն: Հնագետները պեղել են եկեղեցու տարբեր հատվածները և ուսումնասիրել ռադիոֆիզիկական մեթոդով: «4-րդ դարով թվագրվող այս շինությունը, որը կարելի է համարել Հայաստանի տարածքում փաստագրված ամենահին եկեղեցին, ցնցող ապացույց է Հայաստանում վաղմիջնադարի առկայության մասին»,- նշել է Մյունստերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիխտենբերգը:

«Մինչ այժմ այստեղ հայտնի չեն եղել ութանկյուն հատակագծով եկեղեցիներ, բայց մենք լավ ծանոթ ենք այս տեսակ եկեղեցիներին արևելյան Միջերկրածովյան շրջաններից, որտեղ նմանատիպ եկեղեցիներ կառուցել են մեր թվարկության 4-րդ դարում»,- ավելացրել է պրոֆեսոր Մկրտիչ Զարդարյանը` Հնագիտության և ազգագրության ինստիտուտից:


Տիպաբանորեն այս կառույցը համապատասխանում է վաղքրիստոնեական նմանատիպ կառույցներին: Խաչաձև հատվածներում ուսումնասիրողները հայտնաբերել են փայտե հարթակներ, որոնք ռադիոածխածնային մեթոդով թվագրվել են 4-րդ դարի կեսերով: 30 մետր շառավղով ութանկյուն այս շինությունն ունեցել է հասարակ շաղախե հատակ և տերակոտե սալիկներ: Մարմարի գտածոները խոսում են այն մասին, որ այս շինանյութը բավականին շռայլորեն կիրառվել է շինության մեջ և բերվել է միջերկրածովյան տարածքներից: Հայ-գերմանական խումբն Արտաշատում պեղումներ է իրականացնում սեպտեմբեր ամսից: Նրանք շարունակում են իրենց աշխատանքները և հույս ունեն նոր բացահայտումներ կատարել, այդ թվում այն, թե ո՞ւմ է նվիրված եղել եկեղեցին: