Հովիկը չվայելեց հայր դառնալու երջանկությունը, դուստրը ծնվեց նրա մահից 7 ամիս անց |МедиаМесс
20 դեկտեմբերի 2024, 11:39Արցախում զոհված Հովիկը չվայելեց հայր դառնալու երջանկությունը, դուստրը ծնվեց նրա մահից 7 ամիս անց
168.am-ը գրում է․ Արցախյան առաջին պատերազմը տիկին Աննայից խլեց ամուսնուն՝ Լյովա Խաչատրյանին, Արցախյան երկրորդ պատերազմը՝ 30-ամյա որդուն՝ Հովիկին։
«Մի տարի երեք ամսական էր, երբ հայրը զոհվեց Ոսկեպարում՝ 1991 թվականի մայիսի 6-ին։ Իգնատ Մամյանը գիրք ունի հեղինակած՝ «Եղերական լուսաբաց», Ոսկեպարի 13 միլիցիոներներն են, մեկ էլ Լյովան ու իր ընկերը՝ Գեղամը Եղվարդից․․․»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Հովիկ Խաչատրյանի մայրը՝ Աննա Խաչատրյանը։
Աշխույժ ու ժպտերես տղա էր Հովիկը, դպրոցական տարիքից զբաղվում էր սպորտով՝ ֆուտբոլի խմբակ էր հաճախում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ մարզչամանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժին, բազմաթիվ հաջողությունների էր հասել սպորտում։