Արդեն 8-րդ օրն է՝ 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջ․ ինչ է կատարվել դպրոցում. Բացառիկ մանրամասներ |МедиаМесс
26 սեպտեմբերի 2024, 23:32MediaHub-ը ուշադրության կենտրոնում է պահում 10-ամյա աղջնակի դեպքը, որն արդեն 8 օր է կոմայի մեջ է: Ինչպես արդեն գրել ենք, սեպտեմբերի 19-ից 10-ամյա աղջիկը գտնվում է
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի ԲԿ-ից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։
Հայտնի է, որ այդ օրը 10-ամյա երեխան սովորականի նման այցելել է դպրոց, ապա զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին կամ մայրիկին և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց «լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ»։
Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանն ավելի վաղ ուշագրավ հայտարարություններ էր արել այս դեպքի հետ կապված: Մասնավորապես, նա հայտարարել է, թե աղջկա հետ աշխատում է հոգեբան, նա երբեմն ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում, բայց գրանցված չէ որպես կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխա: Այս անհարիր որակումներից հետո MediaHub-ը զրուցել էր երեխայի հոր՝ Լևոնի հետ, ով հերքել էր տնօրենի խոսքերը․
«Իմ աղջիկը ո՛չ ագրեսիվ է, ո՛չ հոգեբանական խնդիրներ է ունեցել, իմ աղջիկն ուղղակի աշխույժ երեխա է, բոլորն էլ դրա մասին գիտեն»։ Երեխայի հայրը հերքել էր նաև տնօրենի խոսքերը, որ երեխայի հետ հոգեբան է աշխատում։
Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, ցավոք, փոփոխություններ երեխայի առողջական վիճակում դեռ չկա․ հայրը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ ամեն օր դեղեր և սնունդ է տանում երեխային։
Հարցին, թե արդյո՞ք այս ընթացքում դպրոցից իրենց հետ կապվել են, Լևոնը նշեց․
«Տնօրենն ինձ մեկ sms է գրել, որ չէր ցանկանում այդպես ներկայացնել, որ երեխան հոգեկանի հետ խնդիր ունի, գրել է, որ ինքը սխալ արտահայտություն է արել։ Անգամ չեն զանգահարել ինձ, դասղեկն է զանգահարել մի քանի անգամ մինչև նորության տարածվելը, ապա հենց ԶԼՄ–ներում տարածվեց՝ մի քանի անգամ զանգեց և վերջ, էլ չի զանգահարել։ Ոչ մեկի հանդեպ ոչինչ չունեմ, բայց իմ երեխան հո անտեր չի՞․․․Կարելի է, չէ, մի բան ասել, հասկանանք…»,- նշեց հայրը։
Լևոնը հայտնեց, որ խոսակցություններ են շրջանառվում, թե պատուհանից է երեխան ընկել, մեկն ասում է՝ «աստիճաններից բրդել, գցել են երեխային», մյուսները ասում են «վեճ ա եղել», սակայն, իրեն հետաքրքիր է միայն աղջկա առողջությունը։
Այսքանից հետո հայրը ոչ մեկին չի մեղադրում․
«Իրենք ամեն վայրկյան պետք է կողքս կանգնած լինեին, եկել են, առաջին օրը ասում են՝ «կարող ենք ապառատի փողը փոխանցենք»: Ես, իհարկե, հրաժարվեցի, ես հնարավորություն ունեմ ու իմ երեխայի համար ամենը կանեմ, բայց մնացածը բացահայտե՛ք, ասեք՝ ի՞նչ է եղել, ինձ դա տանջում է։ Ոչ մեկին չեմ մեղադրում, սպասում եմ, որ աղջիկս շուտ ապաքինվի»,- շեշտեց նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: