Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Դավիթ Հակոբյանի ծննդյան օրն է |МедиаМесс

Մշակույթ 15 սեպտեմբերի 2024, 17:15
Main Image

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Դավիթ Հակոբյանի ծննդյան օրն է։

Դավիթ Հակոբյանը ծնվել է 1957 թվականին Սևան քաղաքում։ 1959 թվականին տեղափոխվել է Երևան։ 1974 թվականին ավարտել է Երևանի թիվ 79 միջնակարգ դպրոցը, զուգահեռ սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, 1975-1980 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում։ 1980-1989 թվականներին Հենրիկ Մալյանի անվան թատրոն-ստուդիայի, 1990 թվականից՝ «Անիվների վրա» թատրոն-ստուդիայի, 1992 թվականից՝ Երևանի Համազգային թատրոնի դերասան և ռեժիսոր (2000-2003 թվականներին՝ նաև տնօրեն)։ 1992-1994 թվականներին եղել է «Եռանկյունի» թատրոն-ստուդիայի հիմնադիր-ղեկավարը։ 2002 թվականին հրավիրվել է Թեհրանի միջազգային փառատոն՝ որպես պատվո հյուր։ 2003 թվականից՝ Բեյրութի «Գասպար Իփեկյան» և «Արեգ» թատերախմբերի գեղարվեստական ղեկավար։ 2006 թվականին եղել է Երևանի պետական Կամերային թատրոնի տնօրեն[1]։ 2006-2014 թվականներին ղեկավարել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը:

1988 թվականից դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի և Էջմիածնի Գևորգյան ճեմարանի պրոֆեսոր է[2][3]։ Ներկայումս հանդիսանում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան։ Դավիթ Հակոբյանը թատրոնում կերտել է 80-ից ավել դերեր` տարբեր ներկայացումներում։ Նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում, սերիալներում, հեռուստատեսային ֆիլմերում («Մեր գյուղը», «Վայրենին» (2019), «Երկուսով» (2019), «Թղթե երազանք» (2019) «Էլենի օրագիրը» (2017) «Գարեգին Նժդեհ» (2013), «Կյանք ու կռիվ» (2016), «Սողոմոնի երգերը» (2019), և այլն)։ 2019 թվականին նրա մասնակցությամբ նկարահանված «Երբ որ քամին հանդարտվի» («Si Le Vent Tombe») ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնում։