Մայրենիի դասագրքի կազմին այրվող դրոշը «Անտարես»-ը տեխնիկական խնդիր է որակում |МедиаМесс
Հասարակություն 06 սեպտեմբերի 2024, 18:40«Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջը, որում Հայաստանի դրոշը կարծես այրվում է, ֆեյսբուք սոցիալական ցանցում վրդովմունքի պատճառ է դարձել։
Դասագրքի հեղինակները պարզաբանում են տարածել՝ հայտարարելով, որ նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրածի հետ և կից հրապարակել են այն տարբերակը, որը ի սկզբանե ուղարկվել է տպարան:
«Ահա գրքի սկզբնական տարբերակը, որ կա բոլոր հեղինակների ձեռքին։ Հենց այսպես է ուղարկվել տպարան, իսկ թե ինչ է եղել հետո, սպասենք պատասխանատուների պարզաբանմանը։ Antares Media Holding մի բան կասե՞ք»,-նշել են գրքի հեղինակները։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի պատասխանատու Կարինե Մանուկյանը հայտնել է, որ բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են նաև «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» էջում, որտեղ ևս հստակ երևում է, որ դասագրքի վերջին էջում այրվող դրոշով նկար չկա: Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքի հղումը՝ այստեղ:
«Անտարես մեդիա հոլդինգ» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը տեխնիկական է և մարդկային գործոն չկա, բացի միգուցե այն մեթոդից, որ դիզայները ստեղծել է։ «Կարող էր դատարկ էջից ստեղծել, բայց արել է այն, ինչ արել է, դա իր գործն է, ես էլ կարող էի զբաղվել դրանով»,-ասաց նա։ Տնօրենը տեսանյութ էր ուղարկել, որտեղ երևում է, թե ինչից է առաջացել խնդիրը։
Բացի այդ նա նաև խոսեց հանրության ընկալումներից. «Ասում են, որ այնտեղ այրվող դրոշ է։ Այրվող դրոշ երևի այդ մարդիկ չեն տեսել, ես ցավոք տեսել եմ, այրվում է հենց նյութը, բայց եթե կողքն է այրվում դրոշի, կարելի էր սա ընկալել որպես լույս և ջերմություն ճառագող դրոշ՝ ուղղված բարեկամներին, և կրակ ճառագող դրոշ՝ ուղղված չբարեկամներին։ Մյուս կողմից էլ տեսել եմ ձեռքսեղմելու նշանը, որ համաձայնելու նշան է, բարիշելու նշան է, վերջապես բարևի նշան է, բարև, սակայն այստեղ տեսնում են այլ բան։ Երբ մարդն ուզում է սպիտակի մեջ տեսնել նարնջագույն, տեսնում է նարնջագույն, այդ մարդու հետ իզուր է վիճել, ամեն մարդ տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել»։
Դիտարկմանը, թե ըստ նրա՝ այս պարզաբանումը գրքի հեղինակների և ԿԳՄՍՆ-ին էլ ընկալելի կլինի՞, Մարտիրոսյանն ասաց, որ կարծում է նրանք հանրության որոշ մասից էապես գրագետ են և համոզված է այնտեղ կան մասնագետներ, ովքեր ունեն համակարգային մտածելակերպ և կարող են թացը չորից տարբերել։ «Եվ տեսնել որ այդտեղ ոչ մեկի կողմից, անգամ՝ դիզայների կողմից ոչ մի չարամիտ բան չի արվել։ Շատ պատկառանքով եմ վերաբերվում հեղինակներին և սա ընդամենն ընկալման խնդիր է, իհարկե դրոշով չէր նախատեսվել պատկերել, բայց անգամ եթե այդպես է պատկերվել, ճառագող դրոշը վատ բա՞ն է»,-ասաց նա։