Իրանի նորընտիր նախագահը վերահաստատում է՝ միջшզգային սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է |МедиаМесс
Աշխարհ 11 հուլիսի 2024, 22:46Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ շնորհավորելով նրան ընտրություններում տարած հաղթանակի առիթով:
Պաշտոնական Երևանը հայնտել էր, որ զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռք բերված պայմանավորվածություններին:
Հայաստանի կառավարության ղեկավարի և Իրանի նորընտիր նախագահի հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկություններ է հայտնել նաև իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ Փեզեշքիանը մասնավորապես շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, և վերահաստատել, որ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին շնորհավորանքների համար։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հայաստանը կարևոր դիրք է զբաղեցնում Իրանի հարևանների շրջանում, և այս երկրի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իրանի արտաքին քաղաքական համակարգի համար։
«Չնայած Հայաստանի հետ Իրանի սահմանը կարճ է, սակայն այն հույսի և խաղաղ կյանքի սահմանն է, և մեր սկզբունքային քաղաքականությունը ձեր հանդեպ անձեռնմխելի է»,- ասել է նա։
Մասուդ Փեզեշքիանն հավելել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հավատարմությունը Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև հարաբերություններն էլ ավելի զարգացնելու պատրաստակամությունը։
Հիշեցնենք, որ Իրանում հուլիսի 5-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել բարեփոխիչների թեկնածու, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը՝ ստանալով ձայների 53․6 տոկոսը։ Փեզեշքիանի՝ թյուրքախոս լինելու հանգամանքը Հայաստանում որոշ մտահոգություններ էր առաջացրել, սակայն, նախքան նրա ընտրությունը, իրանագետները վստահեցնում էին, որ անկախ նախագահի անձից՝ հայ-իրանական հարաբերություններում մեծ փոփոխություններ չեն լինի։