Սարսափ՝ հանգստի փոխարեն․ Բուլղարիա մեկնած հայերին խոշտшնգել են ORAGIR.NEWS |МедиаМесс

Հասարակություն 08 հուլիսի 2024, 17:49
Main Image

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ Բուլղարիա մեկնած հայերին մայրաքաղաք Սոֆիայում խոշտանգում են, ուղարկում Հայաստան։

Oragir.News-ը նման ահազանգ է ստացել Երևանի բանկիչներից մեկից, որի անունն իր իսկ ցանկությամբ չենք նշում։

Երիտասարդ կինը պատմեց, որ հուլիսի 2-ին է մեկնել Բուլղարիա, գիշերը ժամը 2-ի սահմաններում ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոֆիայի օդանավակայանում, ինչից հետո սկսվել է սարսափը։

«Երևան-Սոֆիա-Երևան թռիչքով էի մեկնել Սոֆիա, թռիչքները հիմնականում գիշերն են լինում։ 2-ն անց էր, որ իջանք օդանավակայան, սակայն սահմանապահն առանց որևէ բացատրություն տալու՝ չթողեց, որ անցնենք։ Միայն ես չէի, շատ ընտանիքներ կային, որ նույն խնդրի մեջ հայտվեցին։ Ոչ մի բացատրություն չեն տալիս, չգիտենք՝ ինչն է խնդիրը»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ փաստաթղթերի հետ կապված որևէ խնդիր չի եղել, և մինչև այս պահն անհասկանալի է, թե ինչու նման կերպ վարվեցին իրենց հետ.

«Այստեղ դեսպանատունը տվել է 15 օրով շենգեն վիզա՝ 1 մուտքով։ Ես օրենքով իրավունք ունեի Բուլղարիայից այլ երկիր էլ մեկնել, սակայն, ես դա էլ չեմ ուզել անել, այլ ընդամենը՝ մնալ Սոֆիայում։ Իրենք թույլ չեն տվել մուտք գործել իրենց երկիր։ Բայց դա էլ բավարար չէր, սկսեցին մեր իրերը քրքրել։

Ես խնդրեցի, ասացի՝ իմ անձագիրը վերցրեք ձեզ մոտ, ոստիկանների ուղեկցությամբ ինձ տարեք այն հյուրանոցը, որի համար ես արդեն վճարել եմ, 2 օր մնամ իմ հյուրանոցում, հուլիսի 6-ի թռիչքով հետ ուղարկեք Հայաստան։ Բնականաբար՝ առանց անձագրի որևէ տեղաշարժ չեմ կարողանա անել, բայց իրենք չհամաձայնեցին։

Իրենք խոսում էին իրենց լեզվով, անգլերեն էլ չէին խոսում, ոչ մի համաձայնության չէին գալիս։ Մեզ վերաբվում էին որպես հանցագործների, տեռորիստների։ Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ էին հայի անձնագրի հետ այդպես վարվում»։

Սա դեռ ամենը չի, տհաճ խոսակցություններին և իրերը քրքրելուն հաջորդել են ավելի սարսափելի գործողություններ։

«Իրենք ասացին՝ մինչև ամսի 6-ը կարող եք մնալ մեր օդանավակայանի խցում, 6-ին կուղարկենք Հայաստան։ Բայց այդ խցում գարշահոտ էր, բացարձակ ոչ մի պայման չկար, անգամ շունն այդտեղ չէր կարող մնալ։ Մենք բնականաբար չհամաձայնեցիք, քանի որ այնտեղ մնալով, բազմաթիվ վարակներ կարող էինք ձեռք բերել։

Մենք աստիճանների վրա նստել, սպասում էինք, որ լուծում տան։ Հետո այնուամենայնիվ մեզ մի քանի ժամով տեղափոխեցին մեկուսարան, խցում 6 հոգով էինք։

Քանի որ հուլիսի 3-ի առավոտյան կար միայն Սոֆիա-Ստամբուլ չվերթը, մենք մի տոմսը 140.000 դրամով առանք, որպեսզի այդ անմարդկային պայմաններից մի րոպե շուտ ազատվենք։ Առանց հաց, առանց ջուր մեզ ուղեկցեցին, ոնց որ կալանավորի հետ գործ ունենային, անգամ կալանավորի հետ նման կերպ չեն վարվում։

Ես Բուլղարիայի համար վճարել էի մոտ 700 եվրո, բացի այդ, ինչո՞ւ ես պետք է հավելյալ 1500 եվրո գումար ծախսեի՝ գնայի Թուրքիա, որ կարողանայի Հայաստան հասնել։ Ես այդ ամենի միջով ինչո՞ւ պետք է անցնեի...»,- պատմեց մեր զրուցակիցը։

Կատարվածի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով քաղաքացին այսօր առավոտյան եղել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատանը, սակայն, որևէ պատասխան չի ստացել իր հարցերին։

«Հրավեր ունեցող մարդիկ անցան, այլ երկրի՝ Ռուսաստանի, Իսպանիայի անձնագրեր ունեցողներն անցան, իսկ մենք՝ ոչ։ Եթե խնդիր կար, ապա վիզա չէին տա։ Այսօր առավոտյան գնացել եմ դեսպանատուն, ասել եմ՝ այս հարցը ո՞վ պետք է լուծի, ես շատ վատ վիճակով վերադարձել եմ։ Ասում են՝ մենք միայն վիզա ենք տալիս։ Էլ տեղ չի մնացել, որ չդիմենք, բայց ոչ ոք չի կարողանում իրենց հետ ընդհանուր հայտարարի գալ։ Քաղաքացիներից մի աղջիկ, որ նորից այդ պատմության մեջ է հայտնվել, վախեցել է գնալ Թուրքիա, ստիպված 3 օր մնացել է մեկուսարանում, կիսամահացած վերադարձել Հայաստան։ Սա ի՞նչ է, եթե ոչ խոշտանգում...»,- ասաց քաղաքացին, ապա հավելեց, որ Բուլղարիայի օդանավակայանում անձնագրում «E» նշում են արել, որն, ըստ իրեն հասած տեղեկությունների՝ նշանակում է, որ իր մուտքը եվրոպական ցանկացած երկիր արգելված է։

Նշենք, որ խնդրի մասին մի քանի օր է ինչ համացանցում ակտիվ քննարկում է տարածվել, սակայն ՀՀ ԱԳՆ-ն որևէ հայտարարություն, պարզաբանում չի տարածել կատարվածի վերաբերյալ։